Արմինֆո.«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն իր առաջին ասուլիսը՝ որպես Երևանի քաղաքապետի պաշտոնի թեկնածու, անցկացրել է մայրաքաղաքի համար խորհրդանշական վայրում՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի առջև:
Մինչև մամուլի ասուլիսը Փոստանջյանն ընթերցել է Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը: «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»,- ընթերցել է նա՝ ավելացնելով, որ դա արել է ընտրվելու դեպքում Երևանում արմատական փոփոխություններ իրականացնելու մտադրության մասին հայտնելու համար:
«Ես ոչ միայն մտադիր եմ բարեփոխումներ իրականացնել քաղաքում, այլ նաև զրոյից ստեղծել քաղաքական համակարգ, որը պետք է ծառայի հայ ժողովրդին»,- ընդգծել է քաղաքական գործիչը: Նրա խոսքով, վերջին 25 տարում Երևանը մշտապես զրկվել է կանաչ տարածքներից և մեծ շինհրապարակի վերածվել: Ըստ որում, Փոստանջյանը գտնում է, որ Երևանը դարձել է քաղաք-պետություն:
Թեկնածուն նշել է նաև, որ կարգախոսը և ծրագիրը, որով կուսակցությունը մասնակցելու է մայրաքաղաքի Ավագանու խորհրդի ընտրություններին, կներկայացվի ապրիլի 21-ին: Ըստ որում, նա ավելացրել է, որ հիմնական թիրախն ընտրությունների ընթացքում և հետընտրական շրջանում Հայաստանի հանրապետական կուսակցությունը և վերջինիս թեկնածու, ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանն է լինելու:
Հիշեցնենք, որ Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կտևի ապրիլի 21-ից մինչև մայիսի 12-ը: Ընտրությունների արդյունքում Ավագանու խորհուրդը կընտրի Երևանի քաղաքապետին: ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Երկիր Ծիրանի»-ից՝ Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը: