Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ թեկնածու Յուրի Խաչատուրովի նշանակումը Հայաստանի հետ մասնակից երկրների հարաբերությունների վրա չի անդրադառնա, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա գտնում է, որ այդ նշանակման հետաձգումը պայմանավորված էր ոչ թե Հայաստանի նկատմամբ Բելառուսի կամ Ղազախստանի բացասական վերաբերմունքով, այլ՝ ռուս-բելառուսական կոնֆլիկտով, ինչը, նրա կարծիքով, կարգավորվեց Մինսկի հերթական բարեհոգությամբ: «Այդ կառույցում փոխհարաբերությունները պայմանավորված են ավելի լուրջ հարցերով, և իրականում այդ կազմակերպությունում այնքան մեծ չեն կոնֆլիկտները, որքան մասնակից երկրներն անտարբեր են գործընկերների խնդիրների նկատմամբ»,- գտնում է փորձագետը:
Նրա խոսքով, նշանակումն ինքնին հարկավոր է դրական գնահատել, սակայն այն
գրեթե ոչ մի կերպ չի անդրադառնա կազմակերպության մոտեցումների վրա, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ: «Պետք չէ մոռանալ, որ դա ընդամենը ռոտացիայով փոխանցվող պաշտոն է, և շուտով այն կանցնի այլ երկրի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Բիշքեկում հանդիպմանը որոշում են կայացրել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար և ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին Կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու վերաբերյալ: