Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Նասրօլլահ Փեժմանֆարի հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանձնաժողովի նախագահը, ողջունելով դեսպան Թումանյանին, նշել է, որ հայ և իրանցի ժողովուրդների միջև առկա պատմական և մշակութային ընդհանրություններն ամուր հիմք են ստեղծում երկու երկրների միջև տարբեր բնագավառներում հարաբերությունները զարգացնելու համար և ընգծել, որ իր գլխավորած հանձնաժողովը պատրաստ է մեծ աջակցություն ցուցաբերել մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության խորացման ուղղությամբ։
Դեսպան Թումանյանը, իր հերթին, գոհունակությամբ նշել է միմյանց մշակութային ժառանգությունների հանդեպ երկու երկրների պետական մարմինների ցուցաբերած մեծ ուշադրությունը, որի վկայությունն է Իրանում հայկական եկեղեցիների և մշակութային կոթողների և Երևանում Կապույտ մզկիթի նկատմամբ հոգատար վերաբերմունքը:
Հանդիպմանը քննարկվել են մշակույթի բնագավառի, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև հետագա համագործակցության ընդլայնման հարցեր: