Արմինֆո. Անկարայի աչքում Հայաստանի առաջնային աշխարհաքաղաքական կարևորության բացակայությունը Երևանի և Անկարայի հարաբերություններում փոփոխության բացակայության գրավականն է` նաև Թուրքիայում անցած հանրաքվեից հետո: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն, սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկել է ընտրողների 51%-ից ավելին: Երկրի ամենազարգացած քաղաքների` Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի, Միջերկրական ծովի առափնյա վիլայեթների բնակչությունը դեմ է արտահայտվել սահմանդրական փոփոխություններին, որոնք ենթադրում են նաև երկրի անցում կառավարման նախագահական ձևի: Էրդողանն իր ավանդական ընտրազանգվածի շնորհիվ հաղթել է երկրի մնացած վիլայեթներում: Ընդունված փոփոխությունների համաձայն, Թուրքիայի նախագահը մինչև 2029 թիվը կարող է մնալ իշխանության ղեկին:
«Այդ լույսի ներքո անիմաստ է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունում ինչ-որ նոր` մերձեցմանն ուղղված միտումներ ակնկալել սահմանադրական փոփոխություններից հետո: Թուրքիայի ներքին և արտաքին խնդիրները հազիվ թե թույլ տան Երևանի ուղությամբ ինչ-որ քայլեր ակնկալել Անկարայից: Ընդ որում, կարևոր է նշել տնտեսության բացակայությունն այն գործոնների թվում, որոնք Թուրքիայի քաղաքական վերնախավին կարող են դրդել փոխել, գործնականում, միասնական դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ», - ընդգծել է փորձագետը:
Նրա կանխատեսմամբ, Անկարան հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի Սիրիայում Իրաքի օրինակով քրդական ինքնավարության ստեղծմանը խոչընդոտելու համար: Հենց դա կլինի Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջին և ամենագլխավոր նպատակը, որը նրան դրդում է գնալով ավելի խորը ներքաշվել մերձավորարևելյան գործերում:
«Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու հնարավորությանը, ապա այդ երկրում աճող վախի մթնոլորտի ֆոնին նման հնարավորությունը, գործնականում, լիովին բացառվում է», - մափոփել է Սաֆրաստյանը: