Արմինֆո. Մեծ հավանականությամբ արդեն այսօր կարելի է կանխատեսել, որ 2029 թվականին Թուրքիայում առաջվա նման իշխանության ղեկին կլինի Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը :
Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն, սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկել է քաղաքացիների 51%-ից ավելին: Երկրի ամենազարգացած քաղաքների` Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի, Միջերկրական ծովի առափնյա վիլայեթների բնակչությունը դեմ է արտահայտվել սահմանդրական փոփոխություններին, որոնք ենթադրում են նաև երկրի անցում կառավարման նախագահական ձևի: Էրդողանն իր ավանդական ընտրազանգվածի շնորհիվ հաղթել է երկրի մնացած վիլայեթներում: Ընդունված փոփոխությունների համաձայն, Թուրքիայի նախագահը մինչև 2029 թիվը կարող է մնալ իշխանության ղեկին:
«Իհարկե, հանրաքվեի արդյունքները կանխատեսելի էին: Ի դեպ, կանխատեսելի էր նաև խոշոր քաղաքների` Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի ընտրազանգվածի «դեմ» քվեարկությունը: Էրդողանին սատարել է, հիմնականում, արդի քաղաքական իմպուլսներից հեռու կենտրոնական վարչական շրջանների, այսպես կոչված, «խորքի» բնակչությունը: Մինչդեռ խոշոր քաղաքների կրթված բնակչությունը, որը մտածում է ժամանակակից չափորոշիչներով, «դեմ» է քվեարկել», - նշել է թուրքագետը:
Սաֆրաստյանը նման իրադրությունը բացատրում է այն հանգամանքով, որ թուրքական ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը ծանոթ չէ սահմանադրական փոփոխությունների էությանը: Այդ լույսի ներքո` փորձագետը Թուրքիայի համար կանխատեսում է բավականին լարված տարի` երկրում ծայրահեղական միտումների կտրուկ ուժգնացում և դրսևորում:
Սաֆրաստյանի կարծիքով, հանրաքվեի արդյունքները թույլ են են տալիս խոսել առաջիկա երկու տարում Թուրքիայում ներքաղաքական պայքարի մասին` խորհրդարանականների և այն շրջանակների մասնակցությամբ, որոնք դեմ են Էրդողանի քաղաքականությանը: «Հաշվի առնելով Թուրքիայի նախագահի անձնական որակները` կարելի է վստահությամբ նշել Թուրքիայի` Աթաթյուրքի ժամանակներ վերադարձի փաստը: Եվ, այդուհանդերձ, նրա իշխանության ղեկին գտնվելը կուղեկցվի ֆորս-մաժորի մշտական սպառնալիքով և նրա հակառակորդների վա-բանկ գնալու հնարավորությամբ», - ամփոփել է թուրքագետը: