Արմինֆո.Հայաստանը բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ է գնել Ռուսաստանից, որոնք արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը:
Նրա հավաստմամբ, ապրիլյան գործողություններից հետո, իհարկե, համապատասխան հետեւություններ են արվել, և կտրուկ քայլեր են ձեռնարկվել վերազինման գործընթացը արագացնելու եւ հատկապես առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը ժամանակակից միջոցներով համալրելու ուղղությամբ: «Չափազանցություն չլինի` Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծված ՀՕՊ պատնեշը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ: Մեկ տարվա ընթացքում ստեղծել ենք ամուր հակաուղղաթիռային համակարգ: Գաղտնիք չէ, որ հակառակորդը առաջնագծում ճեղքում իրականացնելու կամ ինչ-որ գործողություն կատարելու համար անպայման փորձելու է կիրառել մարտական ուղղաթիռներ` յուրային զորքին կրակային աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս վտանգը չեզոքացնելու համար հակաուղղաթիռային համակարգում զգալիորեն ավելացել են նշանուղիները: Եթե հակառակորդը եւս մեկ փորձ նախաձեռնի, կունենա ոչ թե մեկ-երկու ուղղաթիռի կորուստ, այլ հաշված րոպեներում կոչնչացվեն նրա մի քանի տասնյակ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ», - ասել է Պողոսյանը` Hayzinvor.am-ում հրապարակված հարցազրույցում: