Արմինֆո.ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ սիրիական սրացման լույսի ներքո՝ ղարաբաղյան գործընթացում փոփոխությունները քիչ հավնական են: Այդ մասին նա հայտարարել է Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա կարծիքով, համաշխարհային տերությունները, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանը և ԱՄՆ-ը ուշադրությունը սևեռել են սիրական խնդրի վրա: «Հետևաբար՝ որևէ լուրջ և կտրուկ փոփոխություն տեղի ունենալ չեն կարող»,- ընդգծել է Սաֆրաստյանը: Ըստ որում, նա գտնում է, որ Թուրքիան, որն անկայուն դիրքորոշում է զբաղեցրել սիրական հակամարտության առնչությամբ, նույնպես ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ շահագրգռված չէ: «Ադրբեջանն առանց թուրքական կողմի աջակցության չի համարձակվի հանդուգն քայլի դիմել»,- հայտարարել է արևելագետը:
Սաֆրաստյանը գտնում է նաև, որ Սիրիայում սրացումը լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի համար: «Ի տարբերություն Բարաք Օբամայի վարչակազմի, Թրամփի թիմն ավելի վճռական է: Եթե Ռուսաստանն ընդունի մարտահրավերը և չմեղմացնի իր դիրքորոշումը, շուտով այդ տերությունների միջև լուրջ առճակատում կնկատվի»,- ընդգծել է փորձագետը՝ ավելացնելով, որ սրացումը դեռ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ չէ:
Նրա կարծիքով, ԱՄՆ ներկայիս իշխանությունները վճռականություն են ցուցաբերում սեփական շահերի պաշտպանության հարցում, և եթե Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը չընդունեն նրանց թելադրած խաղի կանոնները, կդիմեն կոշտ գործողությունների: «Այդ մասին է վկայում է Հյուսիսային Կորեայի ափ ԱՄՆ ռազմածովային ուժեր տեղափոխելու Թրամփի վերջին որոշումը: Այս անգամ Վաշինգտոնը կատակ չի անի, և Թրամփն այդ մասին պարբերաբար հայտարարել է»,- ասել է փորձագետը: