Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար չափազանց կարևոր են հաշտության շուրջ բանակցությունները: «Թրենդին» այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարևոր է, որպեսզի կողմերը հավքվեն միասին և աշխատեն խաղաղ կարգավորում որոնելու ուղղությամբ: Այդ հակամարտությունն արդեն շատ երկար է ձգվում», - ասել է դեսպանը:
Նա նշել է, որ ԱՄՆ շատ ակտիվորեն աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որպեսզի կողմերին օգնի գտնել այդ հակամարտության խաղաղ լուծում: «Մենք պետք է կողմերին օգնենք առաջ ընթանալ», - ասել է նա:
Խոսելով ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի մասին` նա նշել է, որ Հոգլանդն ԱՄՆ Պետդեպարտամենտում աշխատանքի մեծ փորձ ունի, լավ ծանոթ է աշխարհի այդ մասին, և ավեի վաղ աշխատել է այնտեղ: Դեսպանը հիշեցրել է, որ Հոգլանդն արդեն սկսել է համագործակցել Ֆրանսիայի և Ռուսաստանի իր գործընկերների հետ` Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակին ծանոթանալու, մարդկանց հետ շփվելու, կողմերին ի մի բերելու և նրանց խաղաղ կարգավորման հասնելու հնարավորություն գտնելու հարցում օգնելու նպատակով:
Անդրադառնալով զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին մշտական սադրանքներին` դեսպանը ևս մեկ անգամ, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չկա: «Բռնությունը ոչ ոքի չի օգնում: Իրոք կարևոր է, որպեսզի կողմերը հավաքվեն առաջ ընթանալու ուղի գտնելու և խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Դա կարևոր է տարածաշրջանի բոլոր մարդկանց համար: Մենք պետք է հնարավորինն անենք, որպեսզի կողմերին օգնենք առաջ ընթանալ և հասնել խաղաղ կարգավորման», - ասել է դեսպանը, հավելելով, որ առաջ ընթանալու համար քաղաքական կամք պետք է դրսևորեն հակամարտող կողմերը, սակայն միջնորդները կարող են օգնել այդ գործընթացին: