Արմինֆո. Ռուսաստանն ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և կվերսկսեն հաստատուն կարգավորմանը նպատակաուղղված երկխոսությունը: Ապրիլի 5-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այսօր լրացավ ուղիղ մեկ տարի ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահից: Դա հրադադարի ամենալուրջ խախտումն էր 1994 թվականից ի վեր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային կազմակերպությունները գործուն ջանքեր գործադրեցին հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծման ուղղությամբ: Մասնավորապես, այդ թեմային էին նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումները, որոնք անցկացվեցին 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են առ այսօր: Մենք ակնկալում ենք, որ կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և կվերսկսեն հաստատուն կարգավորման ձեռք բերմանը նպատակաուղղված երկխոսությունը», - ընդգծել է Զախարովան:
Նա ընդսմին նշել է, որ մարտի 10-ին Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի և հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի գնահատականներ ներառող նյութ է հրապարակվել Ռուսաստանի ԱԳՆ կայքում: