Արմինֆո. Չնայած Ադրբեջանի դիմադրությանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են առաջ մղել վստահության մեխանիզմների կիրառումը: Նախօրեին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտւտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետը համոզված է, որ տվյալ մեխանիզմների կիրառումը կսահմանափակի անցյալ տարվա ապրիլյան իրադարձությունների օրինակով հետագայում արկածախնդիր քայլերի դիմելու Բաքվի հնարավորությունները: «Առավել ևս, որ Հայաստանի Հանրապետության նախագահի Արցախում արված վերջին հայտարարությունը վկայում է այն մասին , որ հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից իրադրության սրման դեպքում Հայաստանը, իրադրությունը հանդարտեցնելու նպատակով, կդիմի ավելի թեժ սրման»,- նշել է Մինասյանը:
Անդրադառնալով միջնորդների տարածաշրջան այցին և դրա արդյունքների վերաբերյալ տարածված հայտարարությանը` փորձագետը համոզմունք է հայտնել, որ հիշյալ հայտարարությունը վկայում է այն մասին, որ նրանք հույսը չեն կորցրել վստահության մեխանիզմների վերաբերյալ Վիեննայի և Պետերբուրգյան պայմանավորվածությունների իրագործման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման առումով: «Միջնորդները հասկանում են, որ առանց վստահության այս մեխանիզմների կիրառման հնարավոր չէ անցնել «ըստ էության բանակցությունների», ինչպես սիրում է արտահայտվել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդյարովը», - ասել է փարձագետը:
Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, բանակցային գործընթացում որևէ էական առաջխաղացում պետք չէ ակնկալել տեսանելի ապագայում: Սակայն, իր իսկ խոսքերով, կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են ջանքեր գործադրել բանակցային գործընթացը շարունակելու համար:
ԱրմԻնֆո գործակալության թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «Լավրովի ծրագիրը», Մինասյանն ասել է, որ ոչ մի «Լավրովի ծրագիր» գոյություն չի ունեցել, այլ եղել է, ընդամենը, հակամարտության գոտում անցյալ տարվա ապրիլին իրադրության մեղմացման փորձ: Նրա ասելով, եղել է միան մադրիդյան սկզբունքների հիման վրա արդիականացված «Կազանյան փաստաթղթի» տարբերակ, որը ենթադրում է Ղարաբաղի կարգավիճակ` N թվով տարածքների փոխարեն: