Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտությունը հակամարտություն է ժողովրդի ինքնորոշման սկզբունքի իրացման իրավունքի համար, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` այսօր կայացած մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անկախության տարիներին իրացրել է պետականության բոլոր մեխանիզմները, և այժմ մնում է ստեղծված իրողությունների միջազգային ճանաչման հարցը: Ընդ որում նա ընդգծել է, որ Մինսկի միջնորդների կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր փորձերը դատապարտվում են ձախողման` Բաքվի ագրեսիվ և հայատյաց քաղաքականության պատճառով: «Հաշվի առնելով դա և Բաքվի գործողությունների անկանխատեսելիությունը` ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը հավասար է 0-ից 100-ի: Սակայն բոլորը պետք է գիտակցեն, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չկա», - հայտարարել է նախարարը:
Անդրադառնալով հայկական և Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ներուժին` նա ընդգծել է, որ միջազգային փորձագետների գնահատականի համաձայն, հայկական ԶՈՒ-ն ի զորու են համահարթելու ԱՀ ԶՈՒ հետ սպառազինությունների հաշվեկշռի խախտումը: «Սակայն սպառազինությունների առումով հայկական և ադրբեջանական ԶՈՒ միջև իրոք կա հաշվեկշռի խախտում, որն առաջացել է Բաքվի սպառազինությունների մրզացավազքի պատճառով», - ամփոփել է նախարարը: