Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) տարածաշրջան այցի արդյունքների համաձայն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
«Համանախագահների տարածաշրջան այցելության հիմնական նպատակը շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի մասին մանրամասն քաղաքական և ռազմական տեղեկություն ստանալն էր, 2016 թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռքբերված համաձայնությունների իրականացման և կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերի քննարկումը»,- ասված է հայտարարության մեջ:
Միջնորդները հիշեցնում են, որ տարածաշրջան այցի շրջանակներում հանդիպումներ են անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների և արտգործնախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ միջնորդներն այցելել են Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող տարածքներ:
«Հանդիպումների ընթացքում համանախագահները կրկին խորը մտահոգություն են հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ` կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել իրենց հռետորաբանությունում և գործողություններում: Նախագահները ներկայացրել են իրենց դիրքորոշումները
հրադադարի ամրապնդման և իրավիճակի հետագա էսկալացիայի կանխման վերաբերյալ համանախագահների առաջարկների առնչությամբ՝ հատկապես Նովրուզի և Զատկի տոների ընթացքում: Միաժամանակ առաջնորդները հայտնել են բանակցությունները շարունակելու և հակամարտության քաղաքական կարգավորման իրենց հանձնառությունը: Համանախագահները նշել են դեսպան Կասպրշիկի առաքելությանը մշտական աջակցության և դրա ընդլայնման կարևորությունը: Համանախագահները նաև համոզմունք են հայտնել, որ հրադադարի ռեժիմի հարգումն առաջնահերթ նշանակություն ունի՝ բանակցային գործընթացի շարունակման համար վստահության մթնոլորտ ստեղծելու տեսակետից»,-ասված է հայտարարության մեջ: