Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի ապագան անկախությունն է կամ Ադրբեջանի հետ կոնֆեդերացիան, լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Կարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմ դե Վաալը:
«Համենայն դեպս, անկախ Ադրբեջանի կազմում անձամբ ես Ղարաբաղին չեմ տեսնում, և նման սցենարը հնարավոր չեմ համարում: Կարծում եմ, որ կարգավիճակը, որը հանրապետությունը վաղ թե ուշ ձեռք կբերի, անկախ Բաքվի դիրքորոշումից, երաշխավորված կլինի Հայաստանի կողմից: Ամենից առաջ, իհարկե, նկատի ունեմ անվտանգության երաշխիքները»,- ընդգծել է նա:
Դե Վաալը նշել է նաև, որ սպասում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ավելի կոշտ համատեղ պատասխանը Բաքվի հնարավոր հերթական ագրեսիային: Մասնավորապես, նա բացառել է հանկարծակիության գործոնը, որից Ադրբեջանը փորձել է օգտվել անցած տարվա ապրիլյան ագրեսիայի ժամանակ:
1992 թվականից ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների կողմից: Ներկայում կարգավորման գործընթացը հիմնվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում ներկայացված և 2009 թվականին թարմացված «Մադրիդյան սկզբունքների» վրա, որոնք ենթադրում են նաև խաղաղապահ զորակազմի տեղակայում հակամարտության գոտում: