Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության հերթական սրացում կարող է տեղի ունենալ աշխարհաքաղաքականությունում և շփման գծում իրավիճակի սխալ գնահատման հետևանքով, լրագրողների հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Ղարաբաղի շուրջ լայնամասշտաբ մարտական գործողությունների հավանականությունն ընդհանուր առմամբ այնքան էլ բարձր չեմ գնահատում՝ նույնիսկ չնայած Բաքվի նոր ագրեսիվ գործողությունների կանխման փորձերի բացակայությանը: Ապրիլյան պատերազմը, սակայն, սոցիալ-տնտեսական ներքին խնդիրներից Ադրբեջանի քաղաքացիներին շեղելու արդյունավետ միջոց հանդիսացավ: Մյուս կողմից՝ Բաքվում խիստ հիասթափված են դրա արդյունքներից, այդ պատճառով կարող են հույս դնել ապրիլյան սցենարի կրկնության վրա»,- նշել է վերլուծաբանը:
Կիրակոսյանը նշել է նաև նոր գործոնների առկայությունը, որոնք կարող են խոչընդոտել Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ ծրագրերի իրականացմանը: Դրանց թվում են՝ Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր փորձին Հայաստանի ԶՈւ և Արցախի ՊԲ պատրաստվածությունը, սպառազինվածությունը: Այս առումով վերլուծաբանը գտնում է, որ հնարավոր նոր մարտական բախումները կունենան լայն մասշտաբներ և կհանգեցնեն մեծ աղետի:
«Ըստ որում, Հայաստանի գործողություններն ապրիլյան պատերազմում խիստ սահմանափակ բնույթ են կրել, չեն օգտագործվել շատ հնարավորություններ, օրինակ՝ «Իսկանդեր» համալիրները: Այս առումով հաշվարկելով արցախցիների նկատմամբ ագրեսիայի փորձի հնարավոր հետևանքները՝ Բաքուն պետք է լավ մտածի»,- ամփոփել է Կիրակոսյանը: