Արմինֆո. Այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, որ ԵԱՏՄ ինտեգրումից Հայաստանն օգուտներ չի ստացել, անկեղծ չեն: Այս մասին մարտի 29-ին կայացած «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական ծրագրեր. պոպուլիզմ և իրականություն» խորագարով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է «Միջազգային հումանիտար զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը:
«Մենք ուսումնասիրել ենք քաղաքական ուժերի արտաքին քաղաքական ծրագրերն ու եկել եզրակացության, որ դրանցում կան անճշտություններ: Օրինակ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և «Ելք» դաշինքը հայտարարում են, որ Հայաստանը պետք է լքի ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը, քանի որ ոչ մի օգուտ չեն ստանում դրանից, և միանա Եվրամիությանը: Բայց նման հարցերում չի կարելի բանավիճել «բազարային խոսակցությունների» մակարդակով, հարկավոր է խոսել թվերով ու փաստերով, որոնք տվյալ պարագայում ապացուցում են հակառակը: Վիճակագրական տվյալներով, 2016 թվականին Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը կազմել է 87%, ռեկորդային ցուցանիշ, որն արձանագրվել է այդ ոլորտում անկախացումից ի վեր: Բացի այդ, արտահանման ընդհանուր ցուցանիշը կազմել է 50%, լավագույն ցուցանիշը ԵԱՏՄ երկրների շարքում: Սակայն, ԵԱՏՄ-ում արտահանումը կազմել է 10%: Կարծում եմ, որ թվերն արդեն խոսում են իրենց մասին»,-ասել է նա և այդ համատեքստում հավելել, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո Հայաստանի առաջնահերթ գործընկերը, դաշնակիցը և անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, այլ ոչ թե ԵՄ-ը կամ ՆԱՏՕ-ն: Փորձագետն ընդգծել է, որ եթե Հայաստանը ժամանակին չինտեգրվեր ԵԱՏՄ-ին, ապա կկորցներ 1 մլրդ դոլարի ներդրումներ:
Միևնույն ժամանակ, Ղուկասյանը համոզված է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ամենասթափ հայացքներն արտահայտված են Հանրապետական կուսակցության, «Ծառուկյան» դաշինքի, «Հայկական վերածնունդ» կուսակցության և ՀՅԴ կուսակցության ծրագրերում: Նա նշել է, որ այդ քաղաքական ուժերն իրենց ծրագրերում ընդգծում են Ռուսաստանի հետ համագործակցության անհրաժեշտությունը, միաժամանակ չբացառելով նաև համագործակցությունն այլ ինտեգրացիոն միությունների հետ: