Արմինֆո. Բաքուն ԵԱՀԿ-ին դժգոհել է Սերժ Սարգսյանից՝ «Իսկանդերի» հնարավոր օգտագործման վերաբերյալ վերջինիս հայտարարությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում զորավարժությունների անցկացման պատճառով:
«ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը նամակ է ուղարկել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ պետություններին, որում, մասնավորապես, ասվում է, որ հայկական զինված ուժերը, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը, գումարտակային լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի օկուպացված տարածքներում: 2017 թ. մարտի 25-ին Հայաստանի նախագահն անձամբ մասնակցել է զորավարժությունների եզրափակիչ փուլին: Պարգևատրելով զինծառայողներին՝ Սերժ Սարգսյանն Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածաքային ամբողջականության համար սպառնալիք պարունակող սադրիչ հայտարարություններ է արել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նամակում նշվում է նաև «Իսկանդերի» օգտագործման մասին ՀՀ նախագահի հայտարարության մասին: Ադրբեջանական կողմի հավաստմամբ, զորավարժույունները և Սերժ Սարգսյանի հայտարարությունները վկայում են Հայաստանի իրական մտադրությունների, բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմամբ այդ երկրի շահագրգռվածության բացակայության մասին: «Ադրբեջանը կոչ է անում ԵԱՀԿ-ին հրապարակորեն դատապարտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի խախտումը, ինչպես նաև պահանջել Հայաստանից վերջ դնել Ադրբեջանի դեմ ագրեսիային, դուրս բերել զորքերն իր տարածքներից և մասնակցել հակամարտության կարգավորման շուրջ սուբստանտիվ բանակցություններին»:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ՊԲ զորամասերից մեկում ելույթ ունենալով զինծառայողների առջև, հայտարարել էր. «Անցած ապրիլին մենք հետ շպրտեցինք միջազգային պայմանավորվածությունները դրժած հակառակորդին բոլոր ուղղություններով, մենք տապալեցինք նրանց պլանները, մենք կատարելապես ջախջախեցինք նրանց՝ այդ օրերի տեղեկատվական պատերազմում, մենք մի տարվա ընթացքում այնքան ամրացրինք սահմանն ու զինեցինք զորքը, որ այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել։ Այսօր մեր տղաները հետևում են հակառակորդի տեղաշարժին նրա տարածքի խորքում արդեն։ Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերիե համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»: