Արմինֆո. «Ելք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Հանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի կողմնակիցները խոչընդոտում են «Ելք» դաշինքի անդամների նախընտրական քարոզչությանը Խորենացի 47 հասցեում, որը համարվում է Հակոբ Բեգլարյանի և նրա եղբոր՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի ազդեցության տարածքը:
Փաշինյանը հայտնել է, որ սա հիշյալ տարածքում ՀՀԿ կողմնակիցների կողմից նախընտրական արշավին խոչընդոտելու առաջին դեպքը չէ: «Ավելի վաղ այնտեղ պատռել են մեր պաստառները: Փաստի առնչությամբ դիմել եմ Ոստիկանություն, բայց այն, ինչպես և սպասվում էր, անգործության է մատնված»,- հայտարարել է Փաշինյանը: