Արմինֆո. Այսօր Հայաստանի քաղաքացիներն անդունդի եզրին են գտնվում, անկախ այն բանից՝ քաղաքում են ապրում, թե սահմանամերձ գյուղում, հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ամփոփելով նախընտրական արշավի արդյունքները:
Նա հիշեցրել է, որ նախընտրական արշավի ընթացքում իր հրավերով Հայաստան են ժամանել հյուրեր եվրոպական երկրներից և նույնիսկ հեռավոր Ավստրալիայից, և տեսնելով ժողովրդի անվերապահ աջակցությունը «Ծառուկյան» դաշինքին՝ հայտարարել են հանրապետության տնտեսությունում $15 մլրդ ներդրում կատարելու պատրաստակամության մասին՝ դաշինքի նախընտրական ծրագրի 15 կետերն իրականացնելու նպատակով: Ըստ որում, Ծառուկյանը հավաստիացրել է, որ շատ ընկերներ և գործընկերներ ունի ամբողջ աշխարհում, և եթե դիմի նրանց, ներդրումները կավելանան:
Այնուհետև նա հայտարարել է, որ ինքը և իր գլխավորած ուժը թշնամիներ չունեն, բայց շատ նախանձողներ ունեն, քանի որ իրենք ցանկանում են փոխել կառուցվածքը, օրենքները, իրականացնել բարեփոխումներ: «Անելանելի վիճակ չկա, ելք միշտ կա»,- «Ելք»-ի նախընտրական կարգախոսն է կրկնել Գագիկ Ծառուկյանը: Ըստ որում, նա ընդգծել է, որ քաղաքացիների աջակցության դեպքում պատրաստ է իրագործել իր բոլոր խոստումները: