Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության այս պահին կարգավորման անհնարինության գիտակցման լույսի ներքո՝ նման փորձեր արդեն մի քանի տարի չեն ձեռնարկվում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Օրերս ՀՀՀ հեռարձակած հարցազրույցում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հնչեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թեզիսներ, որոնք համահունչ են մադրիդյան սկզբունքների շրջանակում բանակցություններում գործող իշխանության կողմից հայտարարվող դիրքորոշումներին: Մինչդեռ Բաքվում փոխզիջումների նման պատրաստակամություն չի հնչում անգամ երկրորդական քաղաքական գործիչների մակարդակով, էլ չխոսենք իշխանությունների մասին:
«Ղարաբաղյան հակամարտության նման հակամարտությունները լուծվում են տասնամյակների ընթացքում, սերունդերի կողմից, մինչդեռ ղարաբաղյան հակամարտությունը համեմատաբար երիտասարդ է: Եվ լուծել այն՝ այս կամ այն թուղթը ստորագրելու պատրաստակամություն հայտնելով, հնարավոր չէ: Եվ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակներից Ղարաբաղը դադարել է ինտելեկտուալ խնդիր լինել, և սպասել, որ հայերն ու ադրբեջանցիները կարգավորման ինչ-որ նոր նախագիծ կստորագրեն՝ միայն այն բանի համար, որ այն խելացի է, պետք չէ. բոլոր խելացի նախագծերն արդեն սեղանին են»,- նշել է նա:
Քաղաքագետը խնդրի արմատը համարում է հավասարակշռության բացակայությունը, ինչը չեն ապահովում մարդրիդյան առաջարկները: Որպես հետևանք՝ ադրբեջանցիների պատրաստակամությանը հաջորդում է հայերի մերժումը, իսկ հայերի համաձայնությանը՝ ադրբեջանցիների մերժումը: Այս առումով, նրա կարծիքով, մոտ ապագահում Ղարաբաղի շուրջ ամեն բան կմնա իր տեղում:
Այս պայմաններում, ըստ նրա, ադրբեջանական դիրքորոշումն ավելի ու ավելի կոշտ է դառնում, ինչը կապված է նավթի գների, ներադրբեջանական քաղաքականության դինամիկայի հետ: Իսկանդարյանի խոսքով, նույն ապրիլյան էսկալացիային Բաքուն գնացել է՝ աստիճանաբար ավելացնելով կրակոցների, դիվերսիաների թիվը, ոչնչացնելով հայկական ուղղաթիռ: Աստիճանաբար ընդլայնվել է ռազմական գործողությունների աշխարհագրությունը, որոնք տեղափոխվել են Ադրբեջանի հետ Հայաստանի սամանը:
«Նման գործընթացներն հակասում էին կարգավորման գաղափարին: Եվ միջնորդները մինչև հիմա փաստացի զբաղվում են բռնության զսպմամբ, այլ ոչ թե՝ խնդրի լուծմամբ: Այդ պատճառով խնդրի լուծման իրական հնարավորություն հիմա չկա: Լավագույն դեպքում առաջիկա ամիսներին կհաջողվի մոտենալ դիտորդներ տեղակայելու մասին խոսակցությանը»,- ամփոփել է Իսկանդարյանը