Արմինֆո.«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյանե դաշինքի շտաբը ահազանգ է ստացել Գեղարքունիքի իր համակիրներից, որ իրավապահները թույլ չեն տալիս դաշինքի համակիրներին տրանսպորտային միջոցով գալ Երևան՝ մասնակցելու այսօր նախանշված հանրահավաքին։
«Մասնավորապես, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել «Գավառ տրանս» ընկերության հետ, որ 9 տրանսպորտային միջոցով ՕՐՕ–ի համակիրները պետք է այսօր շարժվեն Երևան, սակայն, ըստ ահազանգի, ուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության տնօրենին և արգելել տեղաշարժվել»,- ասված է ՕՐՕ-ի հաղորդագրության մեջ:
Մինչդեռ ՀՀ ոստիկանությունում ԱրմԻնֆո-ի թղթակցին հերքել են այս տեղեկատվությունը: «Այն չի համապատասխանում իրականությանը»,- նշել են Ոստիկանությունում՝ կոչ անելով ՕՐՕ-ի անդամներին «Գավառ տրանս»-ից պարզել ստանձնած պարտավորությունների կատարումից հրաժարվելու պատճառները: «Ավելին, ընդգծում ենք՝ ՀՀ ոստիկանությունն ուղևորափոխադրումներով չի զբաղվում»,- ասել են Ոստիկանությունում:
Հիշեցնենք, որ ժամը 18։00–ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյանե դաշինքի հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով։