Արմինֆո. Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը (85%) դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից: Այդ մասին ասվում է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի /ВЦИОМ/ անցկացրած սոցհարցման մեջ:
Կենտրոնի տվյալներով, երկրի բնակչության մնացած մասը գտնում է, որ պետությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում: Ըստ որում՝ իշխանությանն ուղղված գլխավոր պահանջը գործազրկության խնդրի լուծումն է: Հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանի բնակչության 40%-ը չի կարող նախապատվություն տալ որևէ կուսակցական առաջնորդի՝ չնայած մինչև ընտրությունները մեկ շաբաթից քիչ է մնացել: Հարցման մասնակիցների 79%-ը ասում է, որ կողմնորոշվելու է թեկնածուի անձով: Տվյալ պահին, հարցման համաձայն, առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է՝ 22%-ով, հաջորդում է ՀՀԿ-ն՝ 21%:
Նշենք, որ նախօերին իր հարցումն է հրապարակել լատվիական Institute for Marketing and Communication Sciences-ը: Հարցման համաձայն՝ առաջատար է «Ծառուկյան» դաշինքը՝ 40.70%, այնուհետև հաջորդում են՝ Հանրապետական կուսակցությունը 19,40%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 8,70%, «Ելք» դաշինքը՝ 4,10%, «Հայկական վերածնունդը»՝ 3,90%, ՀՅԴ-ն՝ 3,79%, «ՀԱԿ-ՀԺԿ»-3,15, «Ազատ դեմոկրատները»՝ 1.70%:
Եվ միայն Gallup International Association-ի հարցման համաձայն, Հանրապետական կուսակցությունն առաջատար է՝ 29,4%-ով, այնուհետև հաջորդում են «Ծառուկյան» դաշինքը՝ 28,2 %, «Ելք» դաշինքը՝ 6.1%, ՀՅԴ-ն՝ 4,8%, «Ազատ դեմոկրատները»՝ 4,4%, «Հայկական վերածնունդը»՝ 3,4%, «ՀԱԿ-ՀԺԿ»-ն՝ 2,9%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ՝ 2,5% և Կոմունիստական կուսակցությունը՝ 1,2%: