Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսականներ Դևիդ Թրոթը և Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ բանաձև են ներկայացրել:
Բանաձևում ԱՄՆ-ին կոչ է արվում դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից` նպատակ ունենալով կանխել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վայրագությունները: Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի պատշաճ ոգեկոչումը և դրա հետևողական դատապարտումը կամրապնդեն ԱՄՆ միջազգային դիրքն արդի ցեղասպանությունների կանխարգելման գործում: «Այսօր Սիրիայում և Իրաքում կրոնական փոքրամասնությունների հարյուր հազարավոր ներկայացուցիչներ բախվում են «Իսլամական պետության» կողմից իրենց գոյատևմանն սպառնացող վտանգին: Հետևաբար, Կոնգրեսի կողմից Հաոց ցեղասպանության ճանաչումն ավելի քան արդիական է», - նշել է Շիֆը:
Շիֆի ու Թրոթի նախաձեռնությանը միացել են նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի խմբի այլ ներկայացուցիչներ: Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունը, Գուս Բիլիրակիսը, Դևիդ Վալադոն և Ջեկի Շփեյերը աջակցություն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Բանաձևը ներկայացվել էր մարտի 22-ին: Նույն օրը Կապիտոլյան բլուրում կայացել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Խոստում» ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը նկարահանվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ: Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, գլխավոր դերում նկարահանվել է Օսկար Քրիստիան Բեյլը: Նաև նշվել է, որ այդ օրենսդրական նախաձեռնությանը զուգընթաց Կոնգրեսում Հայաստանին աջակցող խումբը ստորագրահավաք է սկսել ԱՄՆ նախագահին հասցեագրված նամակի ներքո, որում Թրամփին կոչ է արցվում ապրիլի 24-ին պատշաճ կերպով որակել 1915 թվականի իրադարձությունները: