Արմինֆո.Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն Արամ արք. Աթեշյանին մեկ ժամ պետք է տա պաշտոնից հեռանալու համար, այլապես նա կարգալույծ կարվի: Մարտի 28-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել տարածաշրջանային խնդիրների վերլուծաբան, Արցախյան պատերազմի հերոս Սարգիս Հացպանյանը:
Նրա զարմանք է հայտնել այն առնչությամբ, որ ամենայն հայոց կաթողիկոսն առ այսօր չի արձագանքել այն ամենին, ինչ կատարվում է ՀԱԵ Կոստանդնուպոլսի թեմում, չանայած այն հանգամանքին, որ նա կարող է մեկ զանգով լուծել այդ հարցը: «Եթե հարցին համապատասխան լուծում չտրվի, ապա կմեծանա պառակտումը հայ համայնքում, իսկ Կոստանդնուպոլսի թեմը կշարունակի մնալ առանց առաջնորդ», - ասել է Հացպանյանը:
Ընդ որում, վերլուծաբանը նշել է, որ Կոստանդնուպոլսի թեմի նորընտիր տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է, որ մտադիր է մինչև շաբաթվա վերջը Գերմանիայից վերադառնալ թեմ և զբաղեցնել իր օրինական տեղը: Հացպանյանը նաև հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն իրավունք չունեն միջամտելու համայնքի ներքին գործերին:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին կայացել է ՀԱԵ Պոլսի թեմի տեղապահի ընտրություն, ինչի մասին որոշում էր կայացրել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Տեղապահի ընտրությունցի հետո տասնօրյա ժամկետում, այսինքն, մարտի 25-ին պետք է կազմակերպվեին և անցկացվեին նախաձեռնող կառույցի ընտրություններ, որն, իր հերթին, վեցամսյա ժամկետում պետք է կազմակերպեր պատրիարքի ընտրություններ:
Սակայն այն բանից հետո, երբ 34 կողմ ձայնով պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արք. Բեքչյանը, Արամ արք.Աթեշյանը հրաժարվել է հեռանալ պաշտոնից: Ավելին, պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը ներկայացրել է Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրություն, որում նշվում է, թե պատրիարքի տեղապահի ընտրության գործընթացն օրինական չէ, և ինքը միակն է, որ օրինական հիմունքով զբաղեցնում է այդ պաշտոնը: Ընդ որում, Աթեշյանն ընդգծել է, որ մտադիր չէ հեռանալ: Դրանից հետո Գարեգին արք. Բեքչյանը հայտարարել է, որ Աթեշյանը պարտավոր է հարգել տեղապահի ընտրությունից հետո իր պաշտոնը լքելու վերաբերյալ ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունը:
Փետրվարին պոլսահայերը բաց նամակով դիմել էին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին` խնդրելով միջամտել Աթեշյանի գործունեությանը և ապահովել նրա հրաժարականը, աջակցել ՀԱԵ Պոլսի թեմի պատրիարքի թափանցիկ և անաչառ ընտրությունների կազմակերպմանը: