Արմինֆո. Ուսումնասիրելով դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսային խոսակցությունների բոլոր 114 ձայնագրությունները, որոնք կցվել էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում և մանկապարտեզներում» հրապարակմանը, ՀՀ գլխավոր դատախազությունն այդ ձայնագրություններից միայն մեկում է առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերել:
Ինչպես հաղորդել են հսկողական մարմնի մամուլի ծառայությունից, Գլխավոր դատախազությունը սեղմ ժամկետում ուաումնասիրել է հասարակական կազմակերպության հրապարակած տեղեկատվությունը, և ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ձայնագրություններից մեկն առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, իսկ մյուս ձայնագրությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ավելի վաղ հրապարակել էր ձայնագրություններ այն մասին, թե ինչպես են 114 դպրոցի ու մանկապարտեզի տնօրեններ հեռախոսով մանրամասն պատմում են ՀՀԿ կուսակցության հավաքագրած ցուցակների մասին, ինչն արգելվում է Ընտրական օրենսգրքով: Այդ առնչությամբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ գրանցումը չեղարկելու պահանջով: Իսկ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը դատապարտել է իշխանության կողմից իրականացվող բացահայտ ապօրինությունը, ԿԸՀ-ին և դատախազուըթյանը կոչ անելով արձագանքել «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակած տեղեկատվությանը` այն դիտելով որպես հաղորդում հանցագործության մասին: Դաշինքը նաև պահանջել էր կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրաժարականը: Իսկ ՀՀԿ-ում այս ամենի առնչությամբ հայտարարել են, թե ԸՕ-ն մարդկանց չի արգելում աշխատանքային ժամանակից դուրս քարոզչությամբ զբաղվել: Մարդու իրավունքների պաշտպանն, իր հերթին, մտահոգություն է հայտնել կառավարող կուսակցության օգտին քարոզչության նպատակով ուսումնական հաստատությունների աշխատակիցներին օգտագործելու վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ: Իսկ ԿԳՆ-ն «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակած տեղեկատվության մեջ մշված ավագ դպրոցների տնօրեններին հանձնարարել է սեղմ ժամկետում պարզաբանումներ ներկայացնել հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ: