Արմինֆո. Ամերկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ԱՄՆ կոնգրեսականներին կոչ է արել ստորագրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով նախագահ Դոնալդ Թրամփին հղված նամակի ներքո:
ԱՀՀ հիշեցնում է, որ մեկ ամսից էլ պակաս է մնացել մինչև Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Կազմակերպությունը հորդորում է միանալ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի գործընկերներին` ցեղասպանությունների դեմ պայքարի վերաբերյալ երկկուսակցական բանաձև ներկայացնելու հարցում: «Բանաձևում ԱՄՆ-ին կոչ է արվում դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից` նպատակ ունենալով կանխել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վայրագությունները: Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի պատշաճ ոգեկոչումը և դրա հետևողական դատապարտումը կամրապնդեն ԱՄՆ միջազգային դիրքն արդի ցեղասպանությունների կանխարգելման գործում», - ասվում է ԱՀՀ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ցեղասպանությունների դեմ պայքարի վերաբերյալ երկկուսակցական բանաձևը նախաձեռնվել էր մարտի 22-ին: Այդ օրենսդրական նախաձեռնությանը զուգընթաց Կոնգրեսում Հայաստանին աջակցող խումբը ստորագրավաք է սկսել նամակի ներքո, որում նախագահ Թրամփին կոչ է արվում ապրիլի 24-ին պատշաճ որակում տալ 1915 թվականի իրադարձություններին:
Փետրվարի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի կոմիտեի նախագահները գործընկերներին կոչ էին արել ստորագրել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին հղված նամակը, որում խնդրում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունը, Ջեկի Սփիերը, Դևիդ Թրոտը և Դևիդ Վալադոն, ինչպես նաև Ադամ Շիֆն ու Գուս Բիլիրակիսը Սպիտակ տանը կոչ էին արել առաջիկա ապրիլի 24-ին ճիշտ բնորոշել 1915 թվականի իրադարձությունները` ղեկավարվելով մարդու իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ պատմական առաջատարությամբ: ԱՀՀ համանախագահները փաստել են, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ նախագահը հարգանքի տուրք կմատուցի ոչ միայն զոհերի հիշատակին, այլև Ցեղասպանությունը վերապրածների, ինչպես նաև բազմաթիվ ամերիկայահերի տոկունությանը, որոնք աշխատում են ի բարօրություն Ամերիկայի: «1981 թվականին նախագահ Ռեյգանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նույնն արել է Էյզենհաուերի վարչակազմը 1951 թվականին Արդարադատության միջազգային դատարան ներկայացված փաստաթղթերով: Ներկայացուցիչների պալատը նույնպես հիշատակել է Հայոց ցեղասպանությունը 1975 և 1984 թվականներին ընդունված բանաձևերով: Իսկ Օսմանյան կայսրությունում զանգվածային սպանություններից հետո հայերին, ասորիներին, հույներին և հետապնդումների ենթարկված մյուս փոքրամասնություններին աջակցելու նպատակով Վաշինգտոնը տրամադրել է պատմական մակարդակի աջակցություն, Կոնգրեսի հովանու ներքո գործոող մերձավորարևելյան կոմիտեն այն տարիներին հավաքել է 116 մլն դոլար, ինչը հավասարազոր է այսօրվա 2,5 մլրդ դոլարի», - նշել են ԱՀՀ ղեկավարները, այդ համատեքստում ընդգծելով, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Թրամփը հանդես կգա ի պաշտպանություն ողջ աշխարհի ազգային փոքրամասնությունների և տուժածնեի, ում հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են, և որոնց հավատարիմ է ԱՄՆ: