Արմինֆո. Մոտ ժամանակներս տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Նրա խոսքով, պայմանավորվածություններ կան բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման վերաբերյալ, և այժմ բանակցություններ են տարվում համապատասխան վայր գտնելու համար: Ամերիկացի միջնորդը հիշեցրել է, որ վերջերս Մոսկվայում տեղի ունեցան ռուսական կողմի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: «Կարծում եմ, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, խոսքը ամիսների մասին չէ: Բացառված չէ, որ հանդիպումը տեղի ունենա Մոսկվայում, որտեղ նախարարները կքննարկեն երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման մանրամասները»,- նշել է Հոգլանդը:
Միաժամանակ նա հայտնել է, որ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 28-ին կմեկնեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպում կունենան տեղի իշխանությունների հետ: «Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի բռնությունը որպես լուծում դիտարկվի: Բռնությունը լուծում չէ: Այն ոչնչացնում է ընտանիքներ, վնաս հասցնում տնտեսություններին, և մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով դրական լուծում գտնենք»,- ասել է դիվանագետը: Նրա խոսքով, միջնորդների խնդիրն է՝ խթանել բանակցային գործընթացը, որպեսզի այն շարունակվի: