Արմինֆո.Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների սեղանին գտնվող ծրագիր- առաջարկությունը, ինչ-որ չափով, ձեռնտու է հակամարտության բոլոր կողմերին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա «Լավրովի» ծրագիր և ինչ է այն իրենից ներկայացնում:
Նրա ասելով, դիվանագիտական շրջանակներում ընդունված չէ ծրագրերն ու առաջարկությունները կոչել նման անվանումներով: «Սակայն մենք այժմ չենք խոսի այն մասին, թե ով է գիշերներն անքուն մշակել այդ փաստաթուղթը: Սակայն կարող եմ ասել, որ ծրագիր-առաջարկությունը մշակվել է հստակ և մանրակրկիտ: Այն կազմված է երեք մասից, սակայն այժմ տեղին չէր լինի ներկայացնել մանրամասները: Կողմերն աշխատում են դրանց վրա: Սակայն կարող եմ ասել, որ դա խելամիտ ծրագիր է, որը կարող է գոհացնել բանակցային գործընթացի բոլոր կողմերին», - նշել է դիվանագետը: Նա ընդսմին փաստել է, որ այդ ծրագիրն արմատապես չի տարբերվում նախորդ առաջարկություններիկց: Նրա համոզմամբ, կողմերը հստակ պլատկերացնում են, թե ինչի մասին է խոսքը, և այժմ հարկավոր է նստել ու խոսել, հասնել փոխզիջման վիճելի հարցերի շուրջ:
«Մենք բոլորս գիտենք, որ տարբեր ժամանակներ եղել են տարբեր ծրագրեր: Սակայն, համոզված եմ, որ այսօր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար հարկավոր է քաղաքական կամք` ամենաբարձր մակարդակի: Անհրաժեշտ է կողմերի վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ: Եկել է դրա ժամանակը: Հարկավոր է, որպեսզի ղեկավարները նստեն ու պայմանավորվեն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հասնելու հարցի շուրջ` ի բարօրություն այնտեղ ապրող ժողովուրդների», - եզրափակել է միջնորդը: