Արմինֆո. ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր հանդիպել է ավագ դպրոցների այն տնօրենների հետ, ում անունները հիշատակվում են «Իրազեկ քաղաքացիների միավորումե ՀԿ-ի հրապարակած նյութում:
Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք է բացատրություններ ներկայացնեն ԿԸՀ։ Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները` կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու և բացառապես օրենքի շրջանակում գործելու վերաբերյալ:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը տեղեկատվություն էր տարածել իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին: ԶԼՄ-ներով ներկայացվել են ձայնագրություններ, որտեղ բազմաթիվ դպրոցների տնօրեններ հաստատում են ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու մասին փաստը:
Այս առնչությամբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության գրանցումը չեղարկելու պահանջով: Իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը կոչ է արել ԿԸՀ-ին և դատախազությանն արձագանքել հիշյալ տեղեկատվությանը: Դաշինքը պահանջել է նաև կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրաժարականը: Գլխավոր դատախազությունը և ԿԸՀ-ն հայտարարել են, որ ուսումնասիրում են «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակած տեղեկատվությունը: ՀՀԿ-ում այս առնչությամբ հայտարարել են, որ ԸՕ-ն չի արգելում մարդկանց աշխատանքային ժամանակից դուրս քարոզչությամբ զբաղվել: