Արմինֆո.Կառավարող ՀՀԿ-ն իր մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի շուրթերով փորձել է պատասխանել իր քաղաքական ընդդիմախոսների վերջին մեղադրանքին:
Անդրադառնալով «Ելք» դաշինքի առաջնորդներից մեկի` նախկին վարչապետ Արամ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում անդրադարձել է հենց իր ներկայացրած դաշինքի գործունեությանը, քանի որ գիտակցում է այդ ուԺի ժողովրդականությունը և վախենում դրանից, Շարմազանովը նշել է. «Արամ Սարգսյանի տրամաբանությունից հետևում է, որ «Ելք» դաշինքը ոչ միայն վախենում է ՀՀԿ-ից, այլև դողում է նրա առջև, քանի որ դաշինքի առաջնորդների բոլոր ելույթները համեմված են կառավարող կուսակցությանը հասցեագրված քննադատությամբ: Իսկ ինչ վերաբերում է նախկին վարչապետի այն պնդմանը, թե «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավի ֆավորիտն է, ապա այդ հայտարարությունը կարելի է հնամարել լավ կատակ ապրիլի 1-ի նախաշեմին»:
Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն իր ելույթում խոստովանել է, որ պատրաստ է մարդկային զոհերի գնալ միայն պարտության դեպքում, այլ ոչ թե` հանուն հաղթանակների, Շարմազանովը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը չէ, որ պետք է դատի լուրջ բաների մասին: «Ավելի լավ է, թող ցատկոտի տանիքների վրա և բղավի իր կարգախոսը` «Ելք կա», այո, ելք, իրոք կա, և այդ ելքը «Անվտանգությունն ու զարգացումն» է», – ՀՀԿ նախընտրական կարգախոսն է վկայակոչել կուսակցության մամուլի քարտուղարը:
Նա անուշադրության չի մատնել նաև ՕՐՕ դաշինքի առաջնորդներից մեկի` նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի Սերժ Սարգսյանի հասցեին արված այն հայտարարությունը, թե անփոխարինելի մարդիկ չկան: «Թե ով է փոխարինելի, և ով` ոչ, ժամանակը ցույց կտա: Սակայն մեկ բան կարող եմ ասել հաստատ. Հովհաննիսյանն առ այսօր իրեն դրսևորել է միայն որպես իր ընտրազանգվազի ներուժը փոշիացնող և առկա իրողություններին անհամարժեք մեկնաբանություններով հանդես եկող քաղաքական գործիչ»: