Արմինֆո.ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված «Իրազեկ քաղաքացիների միավորումե ՀԿ-ի պատրաստած նյութի (114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ) վերաբերյալ տեղեկացնում է, որ խնդիրը գտնվում է ՀՀ ԿԳՆ ուշադրության կենտրոնում:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանձնարարել է վերոնշյալ ցանկում ընդգրկված ավագ դպրոցների տնօրեններին` սեղմ ժամկետում ներկայացնել պարզաբանումներ հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ: Միաժամանակ նոր շրջաբերական է ուղարկվել նաև ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում մեկ անգամ ևս առաջարկվում է ձեռնարկել համապատասխան միջոցներ` ուսումնական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդում է: Դեռևս փետրվարի 22-ին նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել էր ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը տեղեկատվություն էր տարածել իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին: ԶԼՄ-ներով ներկայացվել են ձայնագրություններ, որտեղ բազմաթիվ դպրոցների տնօրեններ հաստատում են ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու մասին փաստը:
Այս առնչությամբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության գրանցումը չեղարկելու պահանջով: Իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը կոչ է արել ԿԸՀ-ին և դատախազությոնը արձագանքել հիշյալ տեղեկատվությանը: Դաշինքը պահանջել է նաև կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրաժարականը: ՀՀԿ-ում այս առնչությամբ հայտարարել են, որ ԸՕ-ն չի արգելում մարդկանց աշխատանքային ժամանակից դուրս քարոզչությամբ զբաղվել:
Մինչդեռ Գլխավոր դատախազությունը և ԿԸՀ-ն հայտարարել են, որ ուսումնասիրում են «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակած տեղեկատվությունը: Համանման պատասխան է ստացվել Կրթության և գիտության նախարարությունից: «Այժմ մենք հայտարարություն ենք պատրաստում, ավելին ոչինչ ասել չեմ կարող»,- հայտարարել է նախարարության մամուլի քարտուղարը: