Արմինֆո.դրբեջանի պաշտպանության նախարարությունում համողված են, որ «Իսկանդերների» մասին Սարգսյանի հայտարարությունը ներքին լսարանի համար է և նպատակ է հետապնդում միավորներ հավաքելու խորհրդարանական ընտրություններից առաջ:
«Այս հայտարարությունը նախատեսված է ներքին լսարանի համար և նպատակ ունի միավորներ հավաքել խորհրդարանական ընտրություններից առաջ: Հայկական կողմը պետք է գիտակցի, որ Ադրբեջանի օկուպացված տարածքները, Հայաստանի բոլոր ռազմական և ռազմավարական օբյեկտները գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի ժամանակակից հրթիռների և հրետանային ստորաբաժանումների տեսադաշտում: Հայաստանի կողմից ցանկացած սպառնալիք խստորեն կկանխվի, իսկ հետեւանքները հայկական կողմի համար կլինեն ողբերգական, և ենթակա չեն լինի վերականգնման», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Նշենք, որ մարտի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախում ելույթ ունենալով ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում, հայտարարել էր, որ անցած ապրիլին հայկական զինված ուժերը հետ շպրտեցին միջազգային պայմանավորվածությունները դրժած հակառակորդին բոլոր ուղղություններով, տապալեցին նրա պլանները, կատարելապես ջախջախեցին նրան՝ այդ օրերի տեղեկատվական պատերազմում, իսկ մի տարվա ընթացքում այնքան ամրացրին սահմանն ու զինեցին զորքը, որ այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել։ «Այսօր մեր տղաները հետևում են հակառակորդի տեղաշարժին նրա տարածքի խորքում արդեն։ Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»։