Արմինֆո.Հռոմի համաձայնագրերի 60-ամյակի կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպել են լուսանկարների ցուցահանդես՝ «Էլ ավելի սերտ միությունե խորագրով: Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել մարտի 24-ին Հայաստանի նկարիչների միության շենքում: Ցուցահանդեսը բաց կլինի հանրությանը մարտի 25-ից մինչեւ մարտի 27-ը:
Ցուցահանդեսի բացմանը ելույթով է հանդես եկել Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ով նշել է, որ Հռոմի համաձայնագրերը վառ օրինակ են այն բանի, թե ինչպես կարող է թղթի կտորը փոխել պատմության ամբողջ ընթացքը։ «Այդ համաձայնագրերը սահմանել են հետևյալ սկզբունքները ամբողջ եվրոպական ուղու համար՝ խաղաղություն, համերաշխություն, բարգավաճում, հավասարություն, հանդուրժողականություն և օրինականություն»,- նշել է դիվանագետը:
Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովանի Ռիչուլլին իր հերթին նշել է, որ բացված ցուցահանդեսը վկայություն է այն հաջողությունների, որոնց Եվրոպան հասել է Հռոմի համաձայնագրերի ստորագրոմից ի վեր: Նա հիշեցրել է, որ Եվրոպան իր պատմության ընթացքում դիմակայել է այս կամ այն մարտահրավերներին: «Մինչ օրս Եվրոպային, շնորհիվ միասնության, հաջողվել է պայքարել մարտահրավերների դեմ, քանի որ բոլոր երկրները համոզված էին, որ եվրոպական ինտեգրումը բոլորի շահերից բխող անհրաժեշտություն է: Եվ այդ մոտեցումը համապատասխանում է իրականությանը»,- նշել է դիվանագետը:
Նրա խոսքով, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այսօր էլ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: Ռիչուլլին համոզված է, որ ժամանակն է, որպեսզի եվրոպացիները նոր մարտահրավերների պայմաններում ցույց տան, թե որքան են գնահատում էլ ավելի սերտ համագործակցությունն ու համախմբվածությունը:
Վաթսուն տարի առաջ՝ 1957 թվականի մարտի 25-ին, Հռոմում, հիմք դրվեց մեզ այսօր հայտնի Եվրոպային՝ ազդարարելով Եվրոպայի գրավոր պատմության մեջ արձանագրված ամենա երկարատև խաղաղության սկիզբը: Հռոմի համաձայնագրերով՝ Եվրոպական տնտեսական համայնքի եւ Եվրատոմի մասին համաձայնագրերով ստեղծվեց միասնական շուկան, որն ապահովում է մարդկանց, ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժը, ինչպես նաև ստեղծվեցին եվրոպայի քաղաքացիների բարեկեցության և կայունության համար անհրաժեշտ պայմանները: