Արմինֆո.Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Սամվել Բաբայանին կալանավորելով երկու ամսով:
Ինչպես «Ազատությանը» փոխանցել է Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Ավետիս Քալաշյանը հայտարարել է, որ Բաբայանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, և դատարանի որոշումը կբողոքարկվի:
Նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնել է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։ «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում: Մինչդեռ Վրաստանի ՆԳՆ առայժմ չի հաստատում հայկական կողմի այն տեղեկատվությունը, թե Վրաստանի տարածքով «Իգլա» ԶՀՀ Հայաստան ապօրինի տարանցման փորձ է ձռնարկվել: