Արմինֆո. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հանդես է եկել ուղերձով և վեց խորհուրդ տվել հայ ընտրողներին:
«Ընդհանուր առմամբ ԵՄ-ն ցանկանում և ակնկալում է, որ ընտրությունները նախորդների համեմատ որակապես ավելի լավ, ավելի թափանցիկ ու ավելի ժողովրդավարական լինեն: Բայց համոզված եմ, որ այդ գործընթացում կարևոր տեղ են զբաղեցնում ընտրողները, քանի որ վճռորոշ դերակատարություն ունեն ընտրությունների հաջող անցկացման գործում: Այս առնչությամբ կոչ եմ անում ընտրողներին ընտրությունների գնալ և կատարել իրենց ընտրությունը, վստահել նոր տեխնոլոգիաներին, չտրվել ընտրակաշառքների գայթակղությանը, թույլ չտալ ահաբեկել իրենց, հայտնել խախտումների մասին և խաղաղ գործընթացների կողմնակից լինել»,- Հռոմի պայմանագրի 60-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Միաժամանակ դեսպանը հիշեցրել է, որ ԵՄ-ն ավելի քան 7 մլն եվրո է տրամադրել ընտրատեղամասերի տեխնոլոգիական ապահովման համար: Նրա խոսքով, այդ քայլը ևս մեկ վկայություն է այն բանի, որ ԵՄ-ն կարևորում է այդ ընտրությունների հաջող անցկացումը: «Հուսով ենք, որ ամեն ինչ հաջող կանցնի, և այդ միջոցները թույլ կտան ապահովել ընտրական գործընթացների անցկացման լավագույն մակարդակ: Տեխնոլոգիական նորամուծությունները պետք է վստահությւոն ներշնչեն հայ ընտրողին»,- ասել է դեսպանը: Ըստ որում, դիվանագետը հայտնել է, որ ԵՄ-ն նաև մի քանի հարյուր հազար եվրո է տրամադրել տեղի ընտրողներին ընտրական գործընթացներում ներգրավելու համար: «Ուրախ ենք փաստել, որ հիմնական շահագրգիռ կողմերը բոլոր ջանքերը գործադրում են՝ բոլոր ընտրատեղամասերում տեղի դիտորդների ներկայությունն ապահովելու համար: Մեզ հաջողվել է ապահովել ընտրատեղամասերի 97%-ում նրանց մասնակցությունը: Դիտորդների առկայությունը նույնպես պետք է գործընթացների նկատմմաբ ընտրողների վստահության բարձրացման լրացուցիչ խթան հանդիսանա»,- ասել է Սվիտալսկին:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Եվրամիությունը և գործընկեր երկրներն ուշադրությամբ հետևում են Հայաստանի ընտրական գործընթացներին, բոլոր իրավախախտումներին և ոչ պատշաճ վարքի դրսևորումներին: Բացի այդ, դիվանագետի խոսքով, Եվրամիությունը և շահագրգիռ բոլոր կողմերը, այդ թվում՝ Եվրախորհրդի, Եվրախորհրդարանի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ խախտումներին պատշաճ արձագանքելու համար, հատկապես՝ ընտրատեղամասերից չքվեարկած անձանց քվեաթերթիկների դուրսբերման մասով, այդպիսով բացառելով ընտրախախտումները: «Ինչպես գիտեք, նոր Ընտրական օրենսգիրքը պատիժ է նախատեսում այդ գործողությունների համար, և քվեարկությանը մասնակցած անձանց և քվեատուփերում քվեաթերթիկների քանակի անհամապատասխանության առկայության դեպքում կնշանակվի հետաքննություն և մանրամասն ստուգումներ կիրականացվեն»,- ասել է Սվիտալսկին:
«Ընտրություններից անմիջապես հետո ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Յոհաննես Խանը քննարկումներ կանցկացնի Եվրախորհրդարանում մինչև 2020 թվականը Հայաստանին համատեղ աջակցման առաջիկա շրջանակների շուրջ: Հետևաբար, անհրաժեշտ է անել ամեն բան նախընտրական վերջին շաբաթվա ընթացքում և, իհարկե, ընտրությունների օրը բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար: Բայց, ինչպես արդեն ասացի, եթե հայ ընտրողը հետևի իմ վեց խորհուրդներին, արդյունքն պրագմատիկ կլինի»,- ասել է Սվիտալսկին: