Արմինֆո.Բոլոր վեճերը և կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Այդ մասին Հռոմի պայմանագրի 60-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ մեկնաբանելով Վրաստանից Հայաստան «Իգլա» ԶՀՀ ապօրինի ներմուծման փորձին առնչվող գործի շրջանակներում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը:
Նրա խոսքով, Հայաստանի իրավապահ մարմինների լիազորությունների մեջ է հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած գործողության կասեցումը: «Հետևաբար՝ գործընթացի բոլոր մակարդակներում անհրաժեշտ է ապահովել թափանցիկության պատշաճ աստիճան, իրավապահ մարմինները պետք է լիովին թափանցիկ գործեն, որպեսզի բնակչությունը, ընտրողները վստահ լինեն, որ դա չի արվել քաղաքական նպատակներով»,- նշել է դիվանագետը:
Միաժամանակ Սվիտալսկին նշել է, որ վերջին շաբաթները ցույց են տվել, որ հայ ժողովուրդն ունի արդարության խորը զգացում և կարող է վերլուծել այս կամ այն իրավիճակը ու դատողություններ անել, թե այս կամ այն իրավիճակը դատաիրավական տեսակետից որքանով է համապատասխանում արդարության պահանջներին»,- ասել է դեսպանը:
Նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնել է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։ «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում: Սամվել Բաբայանի ձերբակալության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: «Կոչ ենք անում միջազգային հանրությանը, դիտորդական առաքելություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին ուշադրության կենտրոնում պահել Ս. Բաբայանի հետ կապված գործը, որն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի և ուղղված է մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման դեմ»,- ասված է հայտարարության մեջ: