Արմինֆո. Օրերս ձերբակալված Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Արցախյան պատերազմի հերոսի ձերբակալությունը, նրա խոսքով, կարող է բարձրացնել Ադրբեջանի տրամադրությունը: Հովհաննիսյանը նաև հավաստիացրել է, որ ՕՐՕ դաշինքը, որ աշխատանքները համակարգում էր Բաբայանը, մտադիր է մինչև վերջ պաշտպանել նրա շահերը: Նրա խոսքով, Բաբայանի ձերբակալությունը պայմանավորված է ընդդիմությանը վախեցնելու իշխանությունների ձգտմամբ:
Ըստ որում, նա հավաստիացրել է, որ իշխանությունները տարբեր ժամանակներում հետապնդել են թե իրեն, թե ՕՐՕ-ի մեկ այլ առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: «Մենք ուղղակի այդ մասին չենք խոսել: Ավելին, վստահ եմ, որ Օհանյանի նկատմամբ հետապնդումները հիմա էլ շարունակվում են»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ իշխանություններին չի հաջողվի վախեցնել դաշինքի ներկայացուցիչներին:
Նա նաև ընդգծել է, որ ՕՐՕ դաշինքը մտադիր է հասնել իշխանափոխության՝ ինչպես ընտրությունների ճանապարհով, այնպես էլ հետընտրական գործընթացների: «Մենք պետք է ազատագրենք Հայաստանը»,- հայտարարել է Հովհաննիսյանը:
Ըստ որում, նա հայտարարել է, որ նախընտրական արշավն ընթանում է անհավասար պայմաններում, իշխանություններն արդեն սկսել են խախտել օրենքը, քանի որ վախենում են ընդդիմության հաղթանակից: «Բայց այս անգամ կգնանք մինչև վերջ, քանի որ մենք միավորվել ենք»,- նշել է նա:
Պատասխանելով այն հարցին, որ 2013 թ. նախագահական ընտրություններից հետո նա իր ընտրազանգվածից տարավ Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ աղոթք անելու, Հովհաննիսյանը հայտարարել է. «Այդ քայլով ես փրկեցի ժողովրդին արյունահեղությունից, և չեմ ափսոսում դրա համար: Այժմ մենք պետք է օգտագործենք իշխանափոխության համար բոլոր ճանապարհները»: