Արմինֆո.Հայաստանի քաղաքական ուժերը կամ չեն ցանկանում միջամտել «Իգլա» ԶՀՀ ապօրինի փոխադրման կասկածանքով Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման գործին, կամ բացառապես քաղաքական են համարում այն:
Մասնավորապես, ՀՀՇ առաջնորդ և «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արարատ Զուրաբյանը տարօրինակ է համարել նման աղմկահարույց ձերբակալությունները նախընտրական շրջանում: Նրա կարծիքով, լուրջ չեն ԱԱԾ հայտարարությունները, որ զենիթահրթիռային համալիրի փոխադրումն իրականացվել է Բաբայանի պատվերով, քանի որ իրեն հասկանալի չէ, թե ինչպես նա կարող էր այն օգտագործել: Քաղաքական գործիչը նաև որևէ կապ չի տեսնում այդ ձերբակալությա և տարածքային զիջումների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի միջև:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակից Ազատ Արշակյանն իր հերթին հայտարարել է, որ Բաբայանին հեռացրել են, քանի որ իշխանությունները մտադիր են իրականացնել Տեր-Պետրոսյանի ծրագիրը և զիջել տարածքները:
«Ազատ դեմոկրատներ» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ վերջին ժամանակներս անցկացված բոլոր ընտրություններից առաջ եղել են աղմկահարույց ձերբակալություններ: «Տարօրինակ է ոչ միայն դա, այլև այն, որ ձերբակալությունից առաջ ապահովվել էր տեղեկատվական ֆոն, և որոշ ԶԼՄ-ները նախօրոք հայտնել էին այդ մասին»,- ընդգծել է քաղաքական գործիչը՝ որևէ գնահատական չտալով:
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը չի ցանկացել որևէ կերպ մեկնաբանել այդ գործը, քանի որ ճիշտ չի համարել քաղաքականացնել այդ հարցը:
Նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնել է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։ «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում: Սամվել Բաբայանի ձերբակալության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: «Կոչ ենք անում միջազգային հանրությանը, դիտորդական առաքելություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին ուշադրության կենտրոնում պահել Ս. Բաբայանի հետ կապված գործը, որն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի և ուղղված է մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման դեմ»,- ասված է հայտարարության մեջ: