Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլ հնարավորությունների առկայության ընդունումը քաղաքական ինքնասպանություն է խաղաղարության հասնելու նպատակով տարածքների հանձնման կողմնակիցների համար, իսկ նման հնարավորություններ, անշուշտ, կան: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար , անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Օրերս ՀՀՀ հեռարձակած հարցազրույցում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հնչեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թեզիսներ, որոնք համահունչ են մադրիդյան սկզբունքների շրջանակում բանակցություններում գործող իշխանության կողմից հայտարարվող դիրքորոշումներին: Մինչդեռ Բաքվում փոխզիջումների նման պատրաստակամություն չի հնչում անգամ երկրորդական քաղաքական գործիչների մակարդակով, էլ չխոսենք իշխանությունների մասին:
«Պնդելով, թե Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն ի զորու չեն ազդել համանախագահող երկրների դիրքորոշումների ձևավորման վրա, և իշխանություններից ոչինչ կախված չէ, Տեր-Պետրոսյանն ակնհայտորեն ձգտում է ի չիք դարձնել Հայաստանի ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների, այդ թվում անձամբ իր անգործունակության համար մեղադրանքները: Մինչդեռ միանգամայն հնարավոր էր բանակցությունների օրակարգի ձևավորում, որոնց ընթացքում Արցախի միակողմանի տարածքային զիջումները չդիտարկվեին որպես հնարավոր միակ լուծում», - համոզված է նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, Տեր-Պետրոսյանը երբեք չի զբաղվել Արցախին վերաբերող Հայաստանի պետական քաղաքականության այլընտրանքային հայեցակարգի մշակմամբ` նրա բոլոր տարածքները պահպանելու նպատակով: Եվ սեփական դիրքորոշման նկատմամբ այլընտրանքի բացակայությունը հաստատելու առաջին նախագահի և նրա շրջապատի համառությունը անձամբ ես գնահատում եմ որպես հակաարդյունավետ, ուստի` չափազանց վտանգավոր:
«Ժամանակին ունենալով կարգավորման գործընթացի շրջանակում Մինսկի խմբի համանախագահների հետ շփվելու հնարավորություն` կարող եմ ասել, որ նրանք բոլորը միշտ ուշադիր լսում են կողմերի փաստարկները: Եվ սեփական բանակցային դիրքերի վնասարարության համար մեղքը նրանց վրա բարդելը, իհարկե, ճիշտ չէ: Համոզված եմ, որ վերջին բոլոր պնդումների ֆոնին հիմա էլ ուշ չէ բանակցային գործընթացում կատարել շտկումներ, որոնք բխեն Հայաստանի և Արցախի շահերից: Քանզի դրա համար հնարավորություն կա, ի դեպ, այն կար նաև նախկինում», - ամփոփել է վերլուծաբանը: