Արմինֆո.Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արցախյան տարածքների հանձնման գաղափարի լոբբինգը կարող է աջակցություն գտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկի կողմից, որը շահագրգռված է ստատուս-քվոյի փոփոխման նման բանաձևի կիրառմամբ, այլ ոչ թե՝ հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմամբ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Այդ գաղափարի լոբբինգը՝ Արցախի անկախության ճանաչման նախօրոք ամրագրված երաշխիքների բացակայության պայմաններում, լրացուցիչ վտանգներ է պարունակում առաջին հերթին արցախցիների, հետո արդեն՝ ողջ հայության համար»,- ընդգծել է նա:
Հանրային հեռուստաընկերությանը վերջին հարցազրույցում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հնչեցրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման դրույթներ՝ համահունչ գործող իշխանությունների կողմից մադրիդյան սկզբունքների շրջանակներում բանակցություններում հայտարարված դիրքորոշումներին: Մինչդեռ Բաքում փոխզիջումների նման պատրաստակամություն չի հայտնում՝ նույնիսկ երկրորդական քաղաքական գործիչների մակարդակով՝ չխոսելով արդեն իշխանությունների մասին:
«Հավաստելով հակամարտության կարգավորման առնչութամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոնսոլիդացված դիրքորոշման ձևավորման վրա ազդելու կողմերի անկարողությունը՝ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ կարգավորման առաջարկված սկզբունքներին Բաքվի անհամաձայնությունը կհանգեցներ բանակցություններին մասնակցությունից նրա հրաժարման: Այդպիսով՝ Տեր-Պետրոսյանի հարցազրույցը պարունակում է ոչ միայն վիճահարուց դրույթներ, այլ նաև՝ ակնհայտ հակասություններ, որոնք, մեղմ ասած, քիչ չեն»,- համոզված է քաղաքական գործիչը:
1992 թվականից ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների կողմից: Ներկայում կարգավորման գործընթացը հիմնվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում ներկայացված և 2009 թվականին թարմացված «Մադրիդյան սկզբունքների» վրա, որոնք ենթադրում են նաև խաղաղապահ զորակազմի տեղակայում հակամարտության գոտում: