Արմինֆո.Փարիզը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն:
«Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄն հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և ձգտում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման: Ես եղել եմ երկու երկրների ղեկավարների հետ նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպուըմներին: Օլանդը ևս մեկ անգամ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին», - ասել է Ժան Մարկ Էրոն` Ադրբեջանի «Ազերթաջ» պետական գործակալությանը:
Նրա ասելով, հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: «Եթե կողմերը ցանկանում են բանակցել և պատրաստ են ստորագրել հաշտության պայմանագիր, ապա Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել նման հանդիպում: Առկա ստատուս-քվոն բարդացնում է իրավիճակը, սակայն հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով: Ֆրանսիան պատրաստ է շարունակել միջնորդի դերակատարությունն այ քան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել», - հավելել է Ֆրանսիայի արտգործնախարարը: