Արմինֆո.«Չեմ կարծում, թե «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր է», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա ասելով, իր կարծիքը կիսում են երկրի քաղաքացիներից շատերը, նաև` հենց դաշինքի անդամները: «Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք մենք հետագայում կոալիցիա կկազմենք, դա կախված է ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներից: ՀՀԿ-ն քաղաքական ուժերից ոչ մեկի հետ հետընտրական զարգացումների հարց չի քննարկել, բացառությամբ` ՀՅԴ, որի հետ այժմ կոալիցիայի մեջ է: Կոալիցիան ինքնանպատակ չի լինելու: Բոլոր կոալիցիաների հիմքը, հատկապես, կառավարման խորհրդարանական ձևի պայմաններում, պետք է լինի ընդհանուր ծրագրային տեսլականը: ՀՀԿ-ն առանց ընդհանուր տեսլականի մտադիր չէ կոալիցիա կազմել որևէ ուժի հետ», - ասել է նա:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն ի սկզբանե հայտարարել էր ՀՀԿ հետ կոալիցիայում համախմբվելու անհնարինության մասին: Իսկ նախօրեին վերանայել է իր կարծիքը և չի բացառել իրադարձությունների նման շրջադարձը, եթե կոալիցիայի գծով զինակիցները պատրաստ լինեն իրագործել «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի 15 դրույթները:
Ավելի վաղ Ծառուկյանը երկու անգամ կոալիցիա էր կազմել ՀՀԿ հետ, սակայն տարբեր պատճառնելով դուրս էր եկել դրանից: