Արմինֆո. «Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին ձերբակալելու մասին լուրը, ով վերջին ժամանակներս համակարգում էր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի գործունեությունը: «Նրան մոտ անձինք հաստատել են այդ լուրը, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն»,- ընդգծել է պատգամավորը:
ԶԼՄ-ների համաձայն՝ Բաբայանին մեղսագրվում է ապստամբական գործողությունների կազմակերպում, նա կասկածվում է նաև Վրաստանից Հայաստան մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փորձի մեջ, որն այսօր կասեցվել է ՀՀ ԱԱԾ կողմից:
Նշենք, որ ԱԱԾ-ում տեղեկատվությունը ճշտել ԱրմԻնֆո-ին չի հաջողվել: ԱԱԾ մամուլի քրատուղար Սամսոն Գալստյանը խոստացել է բոլոր հարցերին պատասխանել մեկ ժամից: Չեն պատասխանում նաև ՕՐՕ դաշինքի հեռախոսները: