Արմինֆո. ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ առաջին նախագահ և «Կոնգրես-ՀԺԿ» նախընտրական դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշ հայտարարություններին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում:
Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ներկայումս բանակցությունների սեղանին գտնվող փաստաթուղթը չի տարբերվում այն բանից, ինչ քննարկվել է իր ՀՀ նախագահ եղած ժամանակ՝ Շարմազանովը նշել է. «Մենք բազմիցս ասել ենք, որ դրանք երկու տարբեր փաստաթղթեր են, և բանը նույնիսկ այն չէ, թե դրանցից որն է ավելի լավ կամ ավելի վատ, պարզապես դրանք տարբեր են ու վերջ: Ըստ որում, մենք բազմիցս ընդգծել ենք, որ ներկայումս բանակցությունների սեղանին գտնվող փաստաթուղթը, թեև մեր երազանքների վերջնակետը չէ, այնուամենայնիվ, մենք այն հետագա բանակցությունների համար որպես հիմք ենք ընդունում: Մեր նպատակն արցախցիների՝ դեռ 1988 թ. հնչեցրած արդար պահանջների լիակատար իրականացմանը հասնելն է: Այս առումով այժմ ներկայացված փաստաթուղթը, իր բոլոր վիճահարույց պահերով, այնուամենայնիվ, այդ տարբերակը նախատեսում է»:
Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի կարծիքին, որ առանց հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների հարցի լուծման, Արցախի կարգավիճակի հարցը չի կարող որոշվել՝ Շարմազանովն ընդգծել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունների համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցություններում առաջնային և որոշիչ է: «Իսկ մնացած բոլոր հարցերը դրա ածանցյալներն են: Մեզ համար առանցքային և առաջնահերթ է կամ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը, կամ միջանկյալ կարգավիճակի՝ վերջնականի որոշման ժամանակի և պայմանների հստակ մատնանշմամբ»,- բացատրել է նա՝ ընդգծելով, որ ցանկացած դեպքում վերջնական խոսքը Արցախինն է, որը վաղ թե ուշ պետք է միանա բանակցությունների սեղանին:
Մեկնաբանելով առաջին նախագահի հայտարարությունը, որ բանակցային փաստաթղթի բոլոր հիմնական սկզբունքները համաձայնեցված են, այդ թվում՝ վերահսկվող տարածքների վերադարձի և ԼՂՀ կարգավիճակի հարցը՝ Շարմազանովը նշել է. «Կողմերը բազմիցս մոտ են եղել համաձայնության ձեռքբերմանը, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարել է դրան, և Բաքուն խափանել է բանակցությունները: Այդպես էր նաև Կազանում»: