Արմինֆո.ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը դժվարությունների առաջացման դեպքում պատշաճ օգնություն է ցուցաբերում ՀՀ քաղաքացիներին: Այդ մասին մարտի 22-ին տեսաասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դեսպանատունը շտկումներ կկատարի ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ կապված իր գործունեությունում , որոնք վերջին ժամանակներս կոպտորեն ոտնահարվում են:
Դիվանագետը նշել է, որ տեղյակ չէ դեպքերից, երբ հայկական դիվանագիտական ներկայացուցչությունն անհրաժեշտ օգնություն չցուցաբերի իր քաղաքացիներին: «Եթե ձեզ հայտնի են ինչ-որ մասնավոր դեպքեր, որոնք մեր տեսադաշտից դուրս են մնացել, խնդրեմ, դիմեք: Մենք փակ հաստատություն չենք, և պատրաստ ենք քննարկել բոլոր բողոքները: Համապատասխան կոնտակտային տեղեկատվություն կա նա մեր պաշտոնական կայքում, կարող եք խախտումների մասին ահազանգել նաև Facebook-ի մեջ էջում: Պատրաստ ենք քննարկել բոլոր հարցումները»,- նշել է դիվանագետը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ դեսպանատունն առավելագույնս բաց կլինի թե ԶԼՄ-ների հետ աշխատանքում, թե սոցիալական ցանցերում: Դիվանագետը հրաժարվել է նաև գնահատական տալ այդ պաշտոնում իրեն նախորդողի գործունեությանը /Օլեգ Եսայան-խմբ./: «Ցանկացած երկրում դեսպանի գործունեությունը դժվար է ստուգել, դժվար է նաև որևէ գնահատական տալ նրա գործունեությանը՝ արդյունավետության տեսակետից: Ինր վերաբերում է ինձ նախորդողի գործունեությունը, որևէ գնահատական տալը համարում եմ էթիկապես ոչ տեղին»,- ասել է Տողանյանը: