Արմինֆո.Հայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել փախստականների ճգնաժամի լուծման ուղղությամբ միջոցներ գտնելու և տուժածներին օգնելու միջազգային ջանքերում, ինչի վկայությունն է այն փաստը, որ սիրիական ճգնաժամի ժամանակ մեր երկիրն ընդունել է 22 հազար փախստականների: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` «Regional Post» ամսագրում հրապարակված հարցազրույցում: Արտգործնախարարը նշել է, որ բռնությունը Մերձավոր արևելքում չի շրջանցել Սիրիայի հայությանը, որը բազմաթիվ զոհեր է ունեցել ահաբեկչական գործողությունների արդունքում: «Ավիրվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Այս ամենը դառը հիշողություն է արթնացնում, որ հայորդիները կրկին հարկադրված են թողնելու իրենց բնակության վայրերը՝ այն երկրները, որտեղ նրանք ապաստանել էին գտել հարյուր տարի առաջ՝ Ցեղասպանությունից հետո», - նշել է նա, հավելելով, որ Հայաստանը հանձնառու է առավելագույնս նպաստել Սիրիայից փախստականների խնդիրների լուծմանը:
Նալբանդյանը նաև հիշեցրել է, որ վերջին տարիների ընթացքում սա առաջին անգամը չէ, երբ Հայաստանի առջև ծառացել են զգալի թվով փախստականներ ընդունելու հետ կապված մարտահրավերներ: «1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին հայերը կամ սպանվել են, կամ արտաքսվել Ադրբեջանում իրենց բնակության վայրերից և ապաստան գտել Հայաստանում ու Արցախում: Այնպես որ, մենք լավ գիտենք թե ինչ է նշանակում լինել փախստական, ընդունել փախստականների և աշխատել նրանց խնդիրների լուծման ուղղությամբ», - նշել է արտգործնախարարը:
Անդրադառնալով Թուրքիայի քաղաքականությանը` նա ընդգծել է, որ Անկարայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող միակողմանի ցամաքային շրջափակումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: «Այն շարունակում է լրջորեն խաթարել տարածաշրջանային տարանցիկ հաղորդակցության ուղիները, տնտեսական համագործակցությունը և ինտեգրումը», - ամփոփել է Հայաստանի արտգործնախարարը: