Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի պարագայում միջազգային միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշակել են հիմնախնդրի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներ, դրանցում շարքում հստակ ամրագրելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը, որը, ըստ կանոնադրության, հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության նպատակներից մեկը։ Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` «Regional Post» ամսագրում հրապարակված հարցազրույցում:
Արտգործնախարարը նշել է, որ այդ սկզբունքի կարևորությունը հակամարտության կարգավորման ջանքերում վերջերս կրկին ընդգծվել էր Ժողովրդավարական և արդար միջազգային կարգի խթանման հարցերով ՄԱԿ-ի անկախ փորձագետի կողմից։ «Նա արդարացիոնրեն նշել է, որ չափազանց շատ հակամարտություններ են ծագել ժողովուրդների՝ իրենց իրավունքներին հասնելու օրինական ձգտումները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը մերժելու պատճառով, և, հետևապես, այդ իրավունքի իրացումը անհրաժեշտ է խաղաղության պահպանման համար: Մեր համոզմունքն է, որ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը պետք է աջակցություն ստանան միջազգային բոլոր դերակատարների կողմից, և այս առումով ՄԱԿ-ը կարևոր է», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:
Վերադառնալով ՄԱԿ-ի համակարգում Հայաստանի առաջնահերթություններին` Նալբանդյանն ընդգծել է հանրապետության հանձնառությունը ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգին, ներառյալ՝ ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի, ինչը եղել և շարունակում է մնալ մեր ներգրավվածության կենտրոնական հիմնասյուններից մեկը։ «Հայաստանն ավանդաբար բանաձևեր է ներկայացրել, որոնք առնչվում են Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային», - նշել է արտգործնախարարը։ «Չափազանց ցավալի է, որ աշխարհն այսօր էլ երաշխավորված չէ մարդկության դեմ նոր հանցագործությունների վտանգից և կանխարգելման ջանքերը շարունակում են կարևոր տեղ զբաղեցնել միջազգային հանրության օրակարգում։ ԴԱԻՇ-ի կողմից մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները վերջին սահմռկեցուցիչ օրինակներն են, սակայն այդ ահաբեկիչների կողմից որդեգրած ոճը և մարտավարությունը կարող ենք տեսնել նաև աշխարհի այլ տարածաշրջաններում նույնպես։ Անցած տարի Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով։ ԴԱԻՇ-ի ոճով տանջամահ արված ու գլխատված՝ Արցախի քաղաքացիական անձանց ու զինծառայողների լուսանկարները տարածվել էին լրատվամիջոցներում հենց իրենց՝ ոճրագործների կողմից», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։