Արմինֆո. Առաջին նախագահ և «Կոնգրես-ՀԺԿ» նախընտրական դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը սարերի հետևում չէ: Այդ մասին նա հայտարարել է Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում:
Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, հայտարարել է, թե ինքն ունի տեղեկատվություն, որին չեն տիրապետում իր ընդդիմադիրների 90%-ը, որոնք իրեն մեղադրում են պարտվողական տրամադրությունների և տարածքային զիջումներին պատրաստ լինելու համար: Առաջին նախագահի հավաստմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների առաջարկությունների հիմնական մասն արդեն համաձայնեցված է, և մնացել է ընդամենը 2-3 կետ, որոնց շուրջ փոխհամաձայնությունից հետո խնդիրը վերջնականապես կլուծվի: «Ես ոչ մի լուծում չեմ առաջարկել, գոյություն ունի ծրագիր, որը հիմնված է մադրիդյան սկզբունքների վրա, որոնց շուրջ վարվում են բանակցություններ: Բուն սկզբունքների, մասնավորապես, տարածքների վերադարձման, ուժի չկիրառման, ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ կետերի առնչությամբ տարաձայնություններ չկան», - նշել է նա: Ընդ որում առաջին նախագահը համաձայն չէ, որ ղարաբաղյան հարցը չի լուծվում, նրա կարծիքով, գործընթացը գնում է, սակայն կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր համար ավելի շահավետ պայմաններ ստեղծել:
Քաղաքական գործիչը կարծում է, որ այժմ քննարկվող կարգավորման ծրագիրը բավականին հաշվեկշռված է, և եթե հայկական կողմը հայտարարի առաջարկված փաստաթուղթն ստորագրելու մասին, ապա միջազգային հանրության ողջ ճնշումը կուղղվի Բաքվին: Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է զիջումների, այլապես չէր մասնակցի բանակցություններին: Նրա համոզմամբ, բանակցություններում հասել է կարգավորման համար բարենպաստ պահը, որն առայժմ չի օգտագործվում: Ընդ որում, առաջին նախագահը հայտարարել է, որ իշխանությունները, մասնավորապես, Սերժ Սարգսյանն այժմ բանակցություններ է վարում մադրիդյան սկզբունքների վրա հիմնված ծրագրի շուրջ, և ինքն իր կողմնակիցների հետ սատարում է նրան այդ հարցում:
«20 տարի շարունակ անցկացվել է ուղեղների մշակում, և բոլոր նրանք, ովքեր խոսում էին տարածքների հանձնման մասին, հռչակվում էին թշնամի և դավաճան: Սակայն ինձանից հետո Ռոբերտ Քոչարյանը, իսկ այժմ Սարգսյանը բանակցություններ են վարում հենց նույն փաստաթղթի շուրջ, ինչի՟ մասին դա խոսում: Այն մասին, որ միայն իշխանությունն է հասկանում միջազգային ընտանիքի կանոնները ճանաչելու անհրաժեշտությունը, մասնավորապես, սահմանների անքակտելիության, տարածքային ամբողջականության, ուժի կիրառմամբ սահմանները չփոխելու սկզբունքները, որոնք Հայաստանն ընդունել է: Մենք կարող ենք պատմական, սրբազան համարել վերահսկվող տարածքները, սակայն միջազգային հանրության համար դրանք օկուպացված են, նրանց համար գոյություն չունեն նման կատեգորիաներ, և մեր իշխանությունները երբեք այդ տերմինները չեն կիրառել, քանի որ ծիծաղի առարկա կդառնային հենց նույն միջազգային հանրության աչքում», - ընդգծել է նա, հավելելով, որ կարգավորումն իշխանության գործն է, որին ընտրել է ժողովուրդը: «Հենց Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է պահանջեն հակամարտության կարգավորում և ստիպեն գնալ հաշտության», - եզրափակել է նա: