Արմինֆո. Ադրբեջանի վարքագիծն այլևս ինձ չի զարմացնում, այսօր Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Վալոնիա-Բրյուսել Դաշնային խորհրդարանի պատգամավոր Էմանուել դե Բոկը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի կողմից Եվրախորհրդարանի երեք պատգամավորների նկատմամբ Ինտերպոլի գծով հետախուզում հայտարարելը՝ այն բանի համար, որ վերջիններս որպես դիտորդ ներկա են գտնվել Արցախի սահմանադրական հանրաքվեին:
«Զարմացած եմ, որ քրեական հետապնդում է սկսվել միայն երեք պատգամավորի նկատմամբ, չէ որ նրանք, ովքեր այցելել են Արցախ, ավելի շատ են: Իսկ ընդհանուր առմամբ ինձ զարմացնում է Ադրբեջանի նման վարքագիծը: Ասեմ ավելին, ինքս նման երևույթի եմ բախվել Բելգիայում Ադրբեջանի դեսպանի կողմից, երբ երկու տարի առաջ առաջին անգամ այցելեցի Լեռնային Ղարաբաղ»,- ասել է բելգիացի պատգամավորը:
Նշենք, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի, Էլենի Տեոխարուսի և Յարոմիր Շտետինայի նկատմամբ` Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի դիտարկման համար: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի Գլխավոր դատախազությունը, Եվրախորհրդարանի անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ համապատասխան հոդվածներով` որպես դիտորդ փետրվարի 20-ի հանրաքվեին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղ «ապօրինի այցելության» համար:Բացի այդ, եվրախորհրդարանականներին մեղսագրվում է նաև «անջատական կազմավորման» քարոզչության իրականացում, այդ տարածքում կազմակերպված միջոցառումներին ապօրինի մասնակցություն, «ապօրինի կազմավորման» որպես անկախ հանրապետություն ներկայացում: Ադրբեջանական աղբյուրների համաձայն, դատարանը Ֆրանկ Էնգելին, Էլենի Տեոխարուսին և Յարոմիր Շտետինային ձերբակալելու որոշում է կայացրել, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Ինտերպոլի» գծով: Փետրվարի 20-ին Արցախում կայացել է սահմանադրական հանրաքվե: Մասնակցությունը կազմել է 76,44%: Ըստ նախնական արդյունքների, հանրապետության հիմնական օրենքի փոփոխությունների նախագիծը պաշտպանել է ընտրողների 87,6%-ը, «դեմ» է քվեարկել 9,7%-ը: Հանրաքվեի ընթացքին հետևել են 104 օտարերկրյա դիտորդներ աշխարհի 30 երկրներից: