Արմինֆո.Հերթական նախընտրական դանակահարությունը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում:Այս անգամ միջադեպի հերոսները «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներ են:
Մարտի 19-ի ուշ երեկոյան նշված դաշինքի թեկնածու Լյովա Խաչատրյանի և նույն դաշինքի թեկնածու Նորա Առուստամյանի նախընտրական շտաբներիի կողմնակիցները ձեռնամարտի են բռնվել, սակայն դրանով չեն սահմանափակվել, կիրառվել է նաև սառը զենք: Արդյունքում` միջադեպի մասնակիցներից մեկը ծանր վիրավորվել է և տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ երկու անգամ վիրահատության է ենթարկվել: Մեկ այլ մասնակից վիրավորվել է ոտքից և տեղափոխվել Ապարանի բժշկական կենտրոն:
Դրանից մեկ օր առաջ Արագածոտնի Աշնակ գյուղում ՀՀԿ կողմնակիցներն անսթափ վիճակում ընդհարվել էին ՀՅԴ ներկայացուցիչների հետ, այնուհետև` «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Խաչիկ Մանուկյանի հետ` թույլ չտալով նրանց նախընտրական քարոզչություն իրականացնել գյուղում: Իսկ օրերս Արարատի մարզում դանակահարություն էր տեղի ունեցել ՀՀԿ և ՀՅԴ կողմնակիցների միջև, վիրավորվել էր ՀՅԴ թեկնածուներից մեկի զարմիկը: Ուշագրավ է, որ Արարատի մարզում նախընտրական քարոզարշավի հենց սկբից անհանգիստ էր, սակայն բախումներ էին տեղի ունենում, հիմնականում, ՀՀԿ թեկնածուների միջև:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու, պետական գույքի կառավարման վարչության ղեկավար և ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանի կողմնակիցները փորձել էին հաշվեհարդար տեսնել «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու, «Չերի» ռեստորանի սեփականատեր պատգամավոր Վահան Կարապետյանի նկատմամբ: Սակայն Արման Սահակյանը, հավաստիացրել էր, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, և կատարվածի մեջ պետք չէ ենթատեքստ փնտրել: Կարապետյանն էլ ոստիկանությում հայտարարել էր, թե սայթաքել ու վայր է ընկել:
Ուշագրավ է, որ այդ բոլոր միջադեպերը ՀՀԿ-ում բացատրում են բացառապես կենցաղային շարժառիթներով:
Հատկապես աղմկալի էր Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի և ՀՀԿ կողմնակիցների միջև տեղի ունեցած միջադեպը, ինչի արդյունքում կա 5 վիրավոր: