Արմինֆո.Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը հետևողականորեն իր նախընտրական քարոզարշավն է իրականացնում՝ հաղթելու և Հայաստանում կառավարող ռեժիմը փոխելու նպատակ դնելով, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյան՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի «կեղծ ընդդիմադիր» լինելու վերաբերյալ «Ելք» ընդդիմադիր դաշինքի երրորդ համար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Մեր թիրախն իշխանություններ են, մենք այլ ընդդիմադիր ուժերի չենք քննադատում, ավելին՝ կոչ ենք անում նրանց համախմբվել ազգային համաձայնության կառավարությունում, քանի որ գիտակցում ենք, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր հաջողության հասնել գործող ռեժիմի նկատմամբ: Ինչ վերաբերում է այն ընդդիմադիր ուժերին, որոնք խոսում են ընդդիմադիր լինելու մասին և քննադատում այլ ընդդիմադիր ուժերի ու այդպիսով ջուր լցնում իշխանությունների ջրաղացին, նրանց գործողություններին պետք է գնահատական տա ժողովուրդը»,- ասել է Մանուկյանը:
Նշենք, որ «Ելք» ընդդիմադիր դաշինքի երրորդ համար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ չի հավատում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ընդդիմադիր լինելուն, ով մինչև հրաժարականը Սերժ Սարգսյանի թիմի առանցքային անդամներից մեկն էր: «Նույնը վերաբերում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին»,- հայտարարել է Փաշինյանը:
Այսօր Փաշինյանը հանդես է եկել նաև Ծառուկյանի հասցեին քննադատությամբ՝ հայտարարելով, որ Սարգսյանը կանխամտածված է թույլատրել Ծառուկանին վերադառնալ քաղաքականություն, որպեսզի խորհրդարանական ընտրություններում նա որքան հնարավոր է շատ ձայն խլի ընդդիմությունից: Փաշինյանը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ ընտրություններում հաջողության դեպքում Ծառուկանը կամ կոալիցիա կկազմի ՀՀԿ հետ, կամ կդառնա իշխանությունների կողմից վերահսկվող ընդդիմությունը: Սակայն Ծառուկյանն օրերս հայտարարել էր, որ մտադիր չէ կոալիցիա կազմել Հանրապետական կուսակցության հետ: Իսկ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի հասցեին «Ելք» նախընտրական դաշինքի անադեկվատ հայտարարությունները պայմանավորված են Ծառուկյանի և նրա գլխավորած դաշինքի աճող վարկանիշով: